01/02/2024 15:20
Մեր գերագույն գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը, աշխատանքի տեղավորելու համար, եթե պետք լիներ՝ ինձ կասեր, բայց տենց սովորություն չի ունեցել. Նախկին ոստիկանապետ
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր դեմ քննվող դատական նիստին հայտարարեց, որ ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ բոլոր իր վերադասների հետ ունեցել է լավ հարաբերություններ։
«Բացի Սերժ Սարգսյանը, ունեցել եմ Վազգեն Սարգսյան նախարար և Հարությունյան Միքայել նախարար, հետո և՛ Սերժ Սարգսյան, և՛ Սեյրան Օհանյան, բոլոր նախարարների հետ ունեցել եմ աշխատողական, ծառայողական, սպայական, մարդկային, հարգալից ղեկավար-ենթակա, ինչ-որ մի տեղ էլ մարտական ընկեր հարբերություններ»,-ասաց Գասպարյանը՝ պատասխանելով դատավոր Վարդգես Սարգսյանի հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվել ժամանակին ՊՆ նախարար, այնուհետև ՀՀ վարչապետ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Դատավորը հետաքրքրվեց, որ ՊՆ և ՌՈ պետ փոխհարաբերություններում, եթե ինչ-որ հարց լիներ՝ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը Գասպարյանին կդիմե՞ր, թե՞ զորմասի հրամանատարին, որ աշխատանքի տեղավորեն երեք զինծառայողների, բայց նրանք չգնան ծառայության։
«Ոչ մեկին չէր դիմի, ես իրան լավ եմ ճանաչում, եթե դուք չեք ճանաչում։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարը, այն ժամանակ մեր նախարարը, դե տենց սովորություն չի ունեցել, եթե պետք լիներ՝ նա ինձ կասեր, բայց չի ասել, նա էտ մարդը չի։ Բայց որ ինքը հաստատ էտ մասով չի, դրանով միանշանակ եմ ասում։ Նախաքննության ընթացքում էլ այլ կոնտեքստում հարցնում էին, որ «ա՛յ մարդ, ասեք նա է, պրծնենք, էս գործից», բայց ես այստեղ էլ եմ ուզում ասել, որտեղից գիտեք, էնտեղից էլ սկսեք, ինձ էլ տենց հարցեր մի տվեք»,-նշեց Գասպարյանը։