01/02/2024 12:47
Վլադիմիր Գասպարյանը ցուցմունք տալուց հրաժարվում է ոչ թե որովհետև ասելիք չունի, կամ ամոթ է, այլ տեսախցիկների առջև չի ուզում իր ընտանիքի մասին խոսել. Փաստաբան
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի դատավարությանն այսօր միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով ցուցմունք տալ միայն դռնփակ ռեժիմով։
Գործը քննող դատավոր Վարդգես Սարգսյանը ընթերցեց Գասպարյանի դիմումը, ըստ որի, օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է մեղադրանքի շուրջ ցուցմունքներ տալուց և նախաքննական մարմնի որևէ հարցին պատասխանելուց։ Գասպարյանը նշել էր, որ պնդում է նախկինում իր տված ցուցմունքները և ներկայում ավելացնելու այլ բան չունի։
Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարեց, որ Վլադիմիր Գասպարյանը տեսախցիկների առջև իր մասնավոր ծառայողական գաղտնիքի վերաբերելի հարցերով ցուցմունք տալուց հրաժարվում է։
Ըստ նրա՝ ցուցմունքները՝ բնակարանների հատկացման մասով, պետական գաղտնիք են պարունակում, իսկ աղջկան պաշտոն տալու ցուցմունքից հրաժարվում է, քանի որ անձի մասնավոր կյանքին են վերաբերում և բացառապես փակ դատական նիստում կարող են քննարկվել։
«Գասպարյանը ցուցմունք տալուց հրաժարվել է, ոչ թե ասելիք չունի, կամ ասելիքն իր մեջ ամոթ է պարունակում, բացառապես այդպես չէ, պարզապես, գործ ունենք գեներալ-գնդապետի հետ, ով ծառայողական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը գիտակցում է ամենալավը և ունենք անձ, ում մեղադրանքում դրված են նաև իր ընտանիքի անդամների անունները և, բնական է, որ տեսախցիկի առջև այդպիսի մեկնաբանություներ կատարելը և ցուցմունքներ տալը տեղին չէ»,-ասաց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ նախորդ դատական նիստին, երբ որոշեցին, որ պետք է հարցաքննվի, լրագրողներ չկային, մինչդեռ այսօր կան, և դա նշանակում է, որ տեղեկատվության փոխանակում է եղել։ «Այս քրեական գործը, դժբախտաբար, տարբեր սակարկումների, քննարկումների առիթ է դառնում, և Վլադիմիր Գասպարյանի անունը պարունակող ցանկացած նյութ ընդամենը ապահովում են դիտելիություն և տեղեկատվական աղբ»,-ասաց նա։
Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանն արձագանքեց, որ պետք չէ իր հետ «ուլտիմատումով» խոսել։ «Եթե ընդառաջեմ Գասպարյանի խնդրանքին, որ միայն ցուցմունք կտա դռնփակ ռեժիմով, հաջորդ դատական նիստին կարող է հետևել Գասպարյանի պահանջը, որ առավել մանրամասն ցուցմունք կարող է տալ, եթե ես նրա վերաբերյալ արդարացնող պահանջ ներկայացնեմ»,-ասաց նա։
Պետական գաղտնիք պարունակող ցուցմունքների ժամանակ, ըստ նրա, կարող էին դռնփակ անել, իսկ դստեր մասով ցուցմունքներ չտալու վերաբերյալ դատավորն ասաց, որ եթե մասնավոր կյանքին է վերաբերում, ապա ինչու էր նա լրատվամիջոցներին մանրամասներ հայտնում՝ շարժառիթներ նշելով։
«Եթե ՀՀ 7 տարվա ոստիկանապետը, գնդապետ-գեներալը, 30 տարի պետական կարևոր պաշտոն զբաղեցրած անձը չի կարողանում լրագրողների ճնշումներից խուսափել, ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց դատավորը։
Փաստաբանը նշեց, որ լրագրողների հարցին պատասխանելն ընդամենը հարգանքից ելնելով էր։
Դատավորի որոշմամբ, նիստը շարունակվեց բաց ռեժիմով։
Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, նրա տեղակալ Լևոն Երանոսյանին և ևս երկու նախկին պաշտոնյաների։ Նրանց մեղադրում են պաշտպանության նախարարությունում, ապա ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցնելիս գույք ու պետական միջոցնել վատնելու, կեղծիք թույլ տալու ու այլ հոդվածներով։ Ըստ դատախազության, պետությանը պատճառել են շուրջ 114 միլիոն դրամի վնաս։