01/02/2024 12:59
Պարզաբանման կարիք կա, թե ինչ է նշանակում չարաշահում. Վահան Քերոբյանը՝ իր տեղակալի ձերբակալման մասին
Պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով, քանի դեռ մարդու վերաբերյալ մեղադրական դատավճիռ չկա, մարդը չի կարող համարվել մեղավոր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների ձերբակալությանը։
«Պետք է սպասենք գործընթացներին»,-ասաց նախարարը։
Նա նշեց, թե Քննչական կոմիտեի ներկայացրած հաղորդագրության մեջ փոխնախարար Անի Իսպիրյանին վերաբերող հատվածում առաջին դրվագով բացակայում է «կաշառք» բառը և չկա «բյուջեի փողերի ծախս»։
«Այսինքն, այդ դրվագով, չկա բյուջեի ծախս և չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք։ Ուստի, ինձ համար լրացուցիչ պարզաբանման կարիք կա, թե ինչ է նշանակում չարաշահում։ Այդ տենդերային գործընթացը եղել է իրավաբանների, այդ թվում ֆինանսների նախարարության հսկողության տակ։ Մենք ավելի քան վստահ ենք՝ քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևիցե խախտում չի լինի։ Պետք է սպասենք, որպեսզի ՔԿ գործընկերներն ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»,-ասաց Վահան Քերոբյանը։
Վահան Քերոբյանն ասաց նաև, թե հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը չի հարցաքննվել։