01/02/2024 15:29
Ժողովուրդն է որոշելու՝ նոր Սահմանադրության մեջ լինի՞ Անկախության հռչակագիրը, թե՞ ոչ. Վարդանյան
Մենք պետք է հասկանանք քաղաքացիների կամքը՝ իսկապես պե՞տք է ունենալ այսպիսի Սահմանադրություն, թե՞ ոչ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրության փոփոխության մասին խոսակցություններին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նա նշեց, որ Սահմանադրության լեգիտիմությունը չի կարող կասկածի տակ դնել, քանի որ հիմա բոլորս գործում ենք ըստ Սահմանադրության. «Ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկեինք որպես ապրող փաստաթուղթ, և հասարակական զարգացման փուլում կարիք է առաջացնում սահմանադրի կարծիքի, սահմանադրի քվեի առկայության պարագայում փոփոխելու կամ վերանայելու: Այս տեսանկյունից ՀՀ-ն ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է անցկացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նաև նոր Սահմանադրության տեքստի մասով: Ի վերջո, որոշողը ոչ միայն ես եմ և դուք, այլև այն սահմանադիրն է, որը քվեարկելու է հանրաքվեին այս կամ այն Սահմանադրության օգտին»:
Հարցին, թե արդյո՞ք նոր Սահմանադրությամբ հրաժարվելու են Անկախության հռչակագրի դրույթից՝ Վարդանյանը նշեց, որ ինքը հրաժարվողը չէ. «Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի հանրաքվեի, ապա ժողովուրդն է որոշելու, թե այնտեղ ինչ տեքստ է լինելու»:
Վարդանյանը նշեց, որ մեր երկրում այս թեմային լրատվամիջոցներն ավելի շատ են անդրադառնում, քան Ադրբեջանը: Նա շեշտեց, որ ոչ մի Սահմանադրություն ճնշումներով չպետք է ընդունվի: