01/02/2024 10:03
«Ժողովուրդ». Էդուարդ Աղաջանյանը կհարցաքննվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:
Առիթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հայտարարությունն էր ԱԺ ամբիոնից, որից հետո նրան հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննել: Նա ինչպես ԱԺ-ում, այնպես էլ իրավապահների մոտ իր նկատմամբ ճնշումների դեպքերով կոնկրետ անուններ է հնչեցրել:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում և, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։
«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետևելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից, որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր...
Արժանացել է բացասական եզրակացության, և դա անհանդուրժելի է նաև... Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ և փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երևույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, և պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է...
Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույց՝ Բնապահպանական տեսչական մարմին, և նաև այցելեց հանձնաժողով, և 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաև պարոն Աղաջանյանի խոսքերը, և շնորհակալություն նաև իրեն. դա մեր և մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, և նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։ Եվ, ահա, այս վարույթի շրջանակում նրանց կհարցաքննեն»։