01/02/2024 12:26
Բացահայտվել են 150-ից ավելի տելեգրամյան հարթակներ, 8 սենյակ-լաբորատորիաներ. ՀՀ-ում կստեղծվի թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով
Հայաստանում կստեղծվի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպ պայքարում աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են։
«Ես որոշակի ճեղքեր եմ տեսել, որն անհրաժեշտ է փակել»,- ասաց նա։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ կան բավականին խոսուն արդյունքներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
Քյարամյանի խոսքով՝ 2 տարում թմրանյութերի շրջանառության վերաբերյալ 4029 քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որոնցից 287-ը կալանավորվել են։ 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան»,- ասաց ՔԿ նախագահը։
Նա նշեց, թե անցած տարվա ընթացքում 150-ից ավելի տելեգրամյան հարթակներ են բացահայտվել, նաև՝ 8 սենյակ-լաբորատորիաներ, որտեղից իրացվել են թմրանյութեր։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն էլ ասաց, որ 2023 թվականին համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 489 դեպք է արձանագրվել, որից 128-ը՝ իրացման, 361-ը ձեռքբերման դեպք է եղել։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է շատ ուշադիր լինել, թե ինչ է կատարվում դպրոցներում ու բուհերում։
«Հետևողական պայքար պետք է մղենք, պրոբլեմների ծավալներն ակհայտ մեծ են»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի մաքսանենգության դեպքերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս։