01/02/2024 21:09
Հարսանիքից հետո «Կարմիր խնձոր» տանելը հանցանգործությո՞ւն է համարվելու․ ՔՊ-ական կանանց ներկայացրած նախագիծը հարցեր է առաջացրել
Փաստաբան Արսեն Բաբայանը իրավական տեսանկյունից դիտարկելով ՔՊ-ական 3 կանանց ներկայացրած աղմկոտ օրենսդրական նախաձեռնությունը՝ մի քանի հարց է բարձրացրել։
«Փաստորեն իշխանությունը որոշել է, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է, ուստի ստուգողներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել․․․
Քանի որ ես քրեական ուղղվածությամբ փաստաբան եմ, ուստի՝ այս անհեթեթ նախաձեռնությունից մի շարք հարցեր են առաջանում․
1) Կուսության ստուգման ձև է նաև սեռական հարաբերություն ունենալը կույսի հետ, քանի որ «ստուգել» նշանակում է պարզել որևէ բանի կամ հանգամանքի առկայությունը։
Արդյոք ճի՞շտ եմ հասկանում, որ այսուհետ քրեական պատասխանատվության են ենթարկվելու կույսի հետ սեռական հարաբերություն ունեցած բոլոր տղամարդիկ։
2) Արդյոք հանցանգործությո՞ւն է համարվելու հարսանիքից հետո «Կարմիր խնձոր» տանելը։
3) Արդյոք բժշկական մեթոդներով կուսաթաղանթի վերականգնումը համարվելո՞ւ է հանցանքի պարտակում կամ հանցանք կատարած անձին աջակցել (քր․օր․ 474 հ․)
4) Ֆրիդրիխ Շիլլերը 1801 թվականին գրել է «Օռլեանի կույսը» ստեղծագործությունը։
Արդյոք պե՞տք է պարզել, թե ով էր ստուգել, որ հաստատապես գիտեր նրա կույս լինելը և ենթարկել քրեական պատասխանատվության։
5) «Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան:
Այն մի անմեղ խաղ էր, հոգի՛ս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի»:
Հովհ․Թումանյան 1889թ․
Տեսնես Թումանյա՞նն էր ստուգել, թե՞ հարցրել էր ստուգողին․․․»,- սոցցանցի իր էջում գրել է Արսեն Բաբայանը։