01/02/2024 15:52
Սահմանադրական հանրաքվեն մեզ ոչ պետական ժողովրդից կվերածի պետական ժողովրդի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է կարգավորել հարաբերությունները հռչակագրի հետ։
«Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերությունները, իրոք, պետք է կարգավորենք: Ո՞րն է այն կետը, ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վերածվում ենք պետական ժողովրդի, այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է»,- Հանրային ռադիոյի եթերում հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ առաջին քայլը պետք է լինի կեղծիքը հաղթահարելը։
Ըստ վարչապետի՝ կառավարության համար միակ գործիքը ժողովրդի հետ խոսելն է։
Հարցազրույցն ամբողջությամբ եթեր կգնա այսօր՝ ժամը 19։00-ին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։
«Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- ասել էր Փաշինյանը։