02/02/2024 17:48
Չի կարող որևէ իշխանություն խմբագրել պատմությունը․ Ռուբեն Մելքոնյան
«Փաստ»-ի հարցազրույցը թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ․
- Սեպտեմբերից սկսած, քննարկվում է Հայոց պատմության նոր դասագիրքը, հատկապես՝ 7-րդ դասարանի։ Դուք ծանո՞թ եք գրքին եւ ի՞նչ կարծիք ունեք այդ դասագրքի մասին։
- Իհարկե, ես Հայոց պատմության մասնագետ չեմ եւ դասագրքի բովանդակությանը ծանոթ չեմ՝ ծանոթ եմ այն գրախոսություններին, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում եւ մամուլում, եւ որեւէ հիմք չունեմ կասկածելու մասնագետների մտահոգություններին, որոնք այդ հարցը բարձրաձայնում են։ Հետեւել եմ նաեւ գրքի հեղինակի մեկնաբանություններին, որոնք ցույց են տալիս, որ այստեղ իրոք լրջագույն խնդիրներ կան, որովհետեւ գրքի հեղինակն անընդհատ նշում է, որ եթե կան սխալներ, ապա դրանք վրիպակներ են։ Բայց դրանք այնպիսի վրիպակներ են, որոնք փոխում են ամբողջ դասագրքի էությունը եւ խեղաթյուրում են պատմական փաստերը՝ ի վնաս հայ ժողովրդի պատմական անցյալի։ Ակնհայտ է, որ խնդրահարույց դասագիրք է, եւ գիտական հանրույթի բարձրացրած մտահոգությունները ոչ թե պետք է սվիններով ընդունվեին, այլ համապատասխան արձագանքը ցույց է տալիս, որ այդ դասագրքերով խեղվում է, կամ վտանգ կա, որ կխեղվեն եկող սերունդների գիտելիքները՝ մեր պատմության, մեր բնօրրանի մասին։
- Հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, որ Հայոց պատմությունը պետք է փոխարինել Հայաստանի պատմությամբ, Դուք ի՞նչ կարծիքի եք։
- Այստեղ կարծես լեզվախաղ է՝ Հայաստանի պատմությունը Հայոց պատմություն է, այսինքն՝ Հայոց պատմությունը ներառում է նաեւ Հայաստանի պատմությունը։ Բացի դրանից, այստեղ կա իշխանությունների կողմից մեկնաբանման լրջագույն բաց, այսինքն՝ չի նշվում, թե նրանք իրականում ինչ են ուզում, եւ այն հայտարարությունները, որոնք երբեմն ոչ քաղաքական են, վերջերս նաեւ Փաշինյանն իր խոսքում ասում էր, որ Հայոց պատմության մեջ նաեւ Հայաստանի պետականությունը չունենալու պատմությունն է, իսկ իրենք ուզում են Հայաստանի պետականության պատմությունը ներկայացնել, որը բավականին խոցելի է, քանի որ Հայոց պատմությունն այնպիսին է, ինչպիսին եղել է։ Այդ ընթացքում եղել է ե՛ւ պետականությունների շրջան, ե՛ւ պետականության բացակայության շրջան, հզորության ու անկման շրջան, եւ չի կարող որեւէ իշխանություն խմբագրել պատմությունը։ Դա նման է բռնապետական երկրներին, որտեղ պատմությունը հարմարեցնում են իրենց նպատակներին, բայց, միեւնույն է, ժամանակի ընթացքում այդ պատվիրված պատմությունները չեն կարողանում դառնալ դոմինանտ։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք տեսնել, ինչպիսին էր սովետական տարիների որոշակի շրջանի պատմությունը, որը որեւէ լուրջ ուսումնասիրողի համար աղբյուր չի հանդիսանում։ Մյուսը, որ իշխանությունները դժվարանում են բացատրել. ի՞նչ է նշանակում Հայաստանի պատմություն՝ աշխարհագրորեն, այսինքն, մենք այնտեղից դուրս ենք բերել Կիլիկյան Հայաստանի պատմությունը, սահմանափակվում ենք ո՞ր Հայաստանի պատմությամբ, միայն 29.800 քառակուսի կմ-ի հասնող ներկայիս Հայաստանո՞վ, թե՞ այլ Հայաստանի պատմությամբ։ Կամ՝ եթե խոսում ենք միայն պետականությունների մասին, շատ լուրջ հարց է առաջանում․ այս տարածաշրջանում 1045-ից հետո՝ Բագրատունիների թագավորության անկումից հետո, պետականությունը վերականգնվել է 1918 թվին, այդ մի քանի դարն ի՞նչ է լինում, դո՞ւրս է մղվում դասագրքերից, ինչպե՞ս են ներկայացնում։ Այնպես որ, խնդիրն ինքնին արդեն սխալ է, եւ դրան գումարվում է իշխանությունների կողմից հստակ բացատրությունների բացակայությունը՝ հիմնավոր բացատրություն, որն էլ ավելի դժվարացնում է խնդրի էությունը։ Ես տեսնում եմ նաեւ, որ խնդրի քննարկումներում չկա իշխանության մեկնաբանությունը, որն էլ ավելի է խորացնում կասկածները եւ թեժացնում քննարկումները։