02/02/2024 13:42
Տիգրան Խաչատրյանը Բելգիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության կարիքները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:
Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Դեսպան Էրիկ դե Մույնքն իր հերթին ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության շարունակական զարգացման ուղղությամբ:
Տիգրան Խաչատրյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Մասնավորապես՝ փոխվարչապետը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։