03/02/2024 20:26
Բորելը Մերձավոր Արևելքում իրավիճակը կրիտիկական է համարում
Սիրիայի և Իրաքի տարածքներում ԱՄՆ-ի ավիահարվածներից հետո Եվրամիությունը Մերձավոր Արևելքում իրավիճակը գնահատել է որպես կրիտիկական, մտավախություն հայտնել, որ այն դուրս կգա վերահսկողությունից։
Այդպիսի հայտարարություն արել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք միշտ կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը եռացող կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի»,- լրագրողներին ասել է Բորելը,- «Բոլորին դեէսկալացիայի կոչ ենք անում, կրիտիկական իրավիճակ է ստեղծվել»,- հայտարարել է նա։
Հանդիպմանը մասնակցող Բելգիայի ԱԳ նախարար Այա Լյաբիբն իր հերթին կոչ է արել անել հնարավորը՝ հակամարտության ընդլայնումից խուսափելու համար։
«Զսպվածության, երկխոսության կոչ ենք ուղղում, դա է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը»,- ասել է նա։