03/02/2024 18:47
Իշխանափոխությունն այս տարի հնարավո՞ր է
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Անաստասիա Թարվերդյանը ՀՀԿ փոխնախագահին հարց է ուղղել․ «Իշխանափոխությունն այս տարի հնարավո՞ր է»։ Նա նաև հետաքրքրվել է, թե պատասխանատվության կենթարկվի՞ գործող իշխանությունը՝ իր արարքների համար։
«Իշխանափոխությունը ոչ միայն հնարավոր է, այլև՝ անհրաժեշտ։
Մի՛ նայեք լայնածավալ ռեպրեսիաներին, դրանք Նիկոլի թուլության հետևանքներն են։ Մի՛ նայեք իշխանավորների հանդգնությանը և լկտիություններին, դրանք Նիկոլի և նրան սպասարկողների անվստահության հետևանքն են։ Մի՛ նայեք ձեզ շրջապատող հուսահատությանը, հուսահատությունը մեղք է, իսկ ցանկացած մեղք աշախարության և թողության կարիք ունի։
Ի միջի այլոց, հայտնի է, որ էներգիան չի վերջանում և չի անհետանում, այլ փոխակերպվում է մի տեսակից մյուսին։ Հայ ժողովրդի ինքնասիրության, պատվախնդրության, արդարադատության էներգիան այսօր տարածվում է տներում, խոհանոցներում, կոլեկտիվներում, ամենուրեք և պատեհ առիթով՝ իր այսօրվա ցրված վիճակից կփոխակերպվի մի միասնական և վճռական բռունցքի։
Ինչ վերաբերում է այս 6 տարվա մղձավանջի և ողբերգությունների մեղավորին պատժելուն, ապա կարող եմ երաշխավորել ձեզ իմ անհատական խոստումով՝ մեղադրյալներին՝ արդարադատություն, մեղավորներին՝ պատիժ, ժողովրդին՝ վերականգնված համերաշխություն։
Առօրյա խոսույթում մենք՝ հայերս, սիրում ենք օգտագործել «Ցավդ տանեմ» արտահայտությունը, որը, եթե չեմ սխալվում, միայն հայերենում կա։ Հիմա մեր երկիրն է այնպիսի վիճակում, որ իր ցավը տանողների կարիք ունի։ Փորձենք ազգովի, ամեն օր՝ աղոթքից առաջ կամ հետո, մտքում կամ բարձրաձայն, մենակ կամ միասին, բայց մշտապես հավատալ և ի սրտե ասել՝ «Ցավդ տանեմ, Հայաստան»։ Եվ կտեսնեք, թե ինչ էներգիա և ուժ եք ստանում սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքի գահավիժումը կասեցնելու համար»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։