03/02/2024 16:36
Սիրիան իր տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո հայտարարել է` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կաթվածահար վիճակում է
ԱՄՆ զինված ուժերը գիշերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Իրաքի և Սիրիայի որոշ սահմանային շրջաններում իրանամետ խմբավորումների դիրքերին՝ հունվարի 27-ին Հորդանանում ամերիկյան զորքերի վրա հարձակմանն ի պատասխան։
Բայդենի վարչակազմը հայտարարել է ավելի քան 85 թիրախների ոչնչացման և ռմբակոծությունները շարունակելու մտադրության մասին՝ «ի պատասխան ամերիկացիներին ուղղված սպառնալիքների»։
Սիրիան խիստ մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ԱԳՆ-ի մակարդակով հայտարարելով, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կաթվածահար վիճակում է և համարժեք չի արձագանքում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ստեղծված վիճակին։
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը խորը մտահոգություն է հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կաթվածահար վիճակի առնչությամբ․ ԱՄՆ-ն խոչընդոտում է այդ կառույցին՝ կատարել իր պարտականությունները՝ ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների խախտումները դադարեցնելու ուղղությամբ»,- նված է Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում։
Նշենք, որ ԱՄՆ իր հարվածներն ուղղել է Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգում տեղակայված իրանամետ կազմավորումների դիրքերի ուղղությամբ։ Ռմբակոծվել են ռազմականացված խմբավորումների թիրախները Ալ Մայադին շրջանում և Բու Քեմալ քաղաքից արևելք՝ Իրաքի հետ սահմանի մոտ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել նաև իրանամետ զորքերի թիրախներին՝ Իրաքի տարածքում՝ սահմանամերձ Ալ-Քաիմ քաղաքի մոտ։
SANA գործակալությունը հաղորդում է, որ գրոհների հետևանքով զոհվել են ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք, պետական ու մասնավոր սեփականությանը մեծ վնաս է հասցվել։