03/02/2024 18:25
ԱՄՆ-ն մի ամբողջ դաշինք մոտեցնում է Ռուսաստանին, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանը, թու՞յլ տար. Արթուր Խաչիկյան (Տեսանյութ)
«Զսպում նշանակում է, որ հակառակորդին կարողանում եք «համոզել», որ եթե դիմի արկածախնդիր քայլի, հետևանքները ծանր են լինելու։ Միջուկային զսպումը հնարավոր եղավ, քանի որ ԱՄՆ-ն գիտակցում էր՝ թեև կարող էր միջուկային զենքով ոչնչացնել Ռուսաստանը, բայց չէր կարող պաշտպանվել Ռուսաստանի պատասխանից. միջուկային զսպումն աշխատեց, որովհետև կար պատասխան հարված հասցնելու հնարավորություն, իսկ ահա հակահրթիռային պայմանագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ն զրկեց Ռուսաստանին պատասխանի հնարավորությունից. այսինքն՝ զսպումն էլ չի աշխատում։ Ահա հենց սա է պատճառը, թե ինչու Ռուսաստանն այդպես արձագանքեց՝ սկսելով Ուկրաինայի դեմ պատերազմ»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Հին Հունաստան, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա. այս բոլոր երկրները պատերազմի են գնացել, երբ տեսել են, որ ուժերի հավասարակշռությունը խախտվում է ընդդեմ իրենց։ Եթե մենք համարենք, որ այլ մոլորակի վրա ենք ապրում, կարող ենք քննադատել Ռուսաստանին՝ թե ինչու թույլ չտվեց, որ ԱՄՆ-ն Մոսկվայից 700 կմ հեռավորության վրա տեղադրի իր բազաները, բայց պարզ է չէ՞, որ որևէ պետություն դա թույլ տալ չէր կարող։
ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք ստեղծեց Ռուսաստանի համար, ինչպես որ Աթենքի հզորացումը՝ Սպարտայի, ինչպես Իսպանիայինը՝ Անգլիայի համար, Գերմանիայինը՝ Ֆրանսիայի համար։ Ամբողջ պատմությունն այդ մասին է՝ երբ մի պետություն ուժեղանում է, մյուսը փորձում է չզիջել, մեկը ուժեղանում է, մյուսը սպառնալիք է զգում և համապատասխանաբար գործում է։ Դրական օրինակ էլ ունենք՝ «Եվրոպայի կոնցերտը»․ այն ժամանակվա լիդերները շատ ավելի խելացի էին, քան մեր այսօրվա ղեկավարները, նրանք գիտեին՝ որևէ պետություն չպետք է սպառնա մյուսին, հավասարակշռություն էին պահպանում»: