03/02/2024 11:44
Կան շանտաժներ և ճնշումներ, բայց «Հանրային ձայն»-ը քվորում չի ապահովելու․ Վարդան Ղուկասյան
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։
«Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես` Վարդան Ղուկասյանս, հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա:
Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ եթե «Հանրային ձայն»-ի որեւէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան՝ ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»,- ասվում է Վարդան Ղուկասյանի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք` փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու մի խումբ ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով։