04/02/2024 19:05
«Մեգամոլ»-ում տղամարդը դանակի հարվածներ է հասցրել մեկ այլ տղամարդու․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Այսօր դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։
Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։
Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված է ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել են վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։
Պարեկները տարածքը սահմանազատել են։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի Հրայր Հայրապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ֆոտլրագրողը հայտնում է, որ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևե բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ում մինչ այդ օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտանգության աշխատակիցները։