05/02/2024 16:28
Հանրային ռադիոյի տնօրենն ազատման դիմում չի գրել
Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել։
«Կտրականապես հերքում եմ այդ լուրը։ Իսկ ինչո՞ւ պետք է գրեի»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարեգին Խումարյանը՝ արձագանքելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ վարչապետի հարցազրույցի մասին իր գրառումից հետո ազատման դիմում է գրել։
Հիշեցնենք՝ Հանրային ռադիոյի տնօրենն իր գրառմամբ այսօր անդրադարձել էր վարչապետի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցին։ Նա ներողություն է խնդրել ունկնդիրներից։
«Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։
Այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինելը»,-գրել էր Գարեգին Խումարյանը։