05/02/2024 22:39
Որոնք են ամենաթանկարժեք վիրահատական միջամտություններն աշխարհում
Մեծ ռիսկեր պարունակող մի շարք վիրաբուժական միջամտություններ կան, որոնցից է, օրինակ, լյարդի փոխպատվաստման վիրահատությունը։ Դա իսկական փորձություն է ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների համար։
Լյարդը մարդու կենսագործունեության համար կարևորագույն օրգաններից է, որը խթանում է մարսողությունը, վնասազերծում տարատեսակ օտարածին գործոններ՝ ալերգեններ, տոքսիններ, ապահովում օրգանիզմին անհրաժեշտ գլյուկոզի քանակը, ունի արյունաստեղծ գործառույթ:
Սրտի բաց վիրահատություն. Հաշվի առնելով այն, որ սրտանոթյին հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է աշխարհում, սրտի բաց վիրահատությունը ամենապահանջված բժշկական միջամտությունն է:
Սրտի բաց վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ բուժական այլ մեթոդներն անարդյունավետ են եղել կամ տվյալ դեպքում կիրառելի չեն: Այն վիրահատության բավականին մեծ տարածում ունեցող տեսակ է, սակայն մեծ է նաև ռիսկերի հավանականությունը՝ արյունահոսություն, վարակներ, սրտի անկանոն աշխատանք, կաթված: Հետվիրահատական ընթացքը ևս դյուրին չէ: Սրտի բաց վիրահատությանը պետք է հետևեն հիվանդի հետևողական այցերը բժշկի, նշանակված թանկարժեք դեղորայքի կանոնավոր և տևական ընդունումը:
Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում. Ենթաստամոքսային գեղձը կենսական անհրաժեշտության մարսողական օրգան է, որն իրականացնում է ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների յուրացման գործառույթը: Այն արտադրում է օրգանիզմի համար անհրաժեշտ հորմոններ, ինչպիսիք են ինսուլինը և գլյուկագոնը:
Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը բարդ և ռիսկային վիրահատություն է՝ պայմանավորված ինչպես դրա տեղակայմամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում, որպես կանոն, ցուցվում է միայն քաղցկեղով տառապող հիվանդներին, իսկ հիվանդության ընթացքն այնքան է հյուծում մարդուն, որ նա կարող է պարզապես չհաղթահարել վիրահատությունը:
Սրտի և թոքերի միաժամանակյա փոխպատվաստում. Այս երկու խիստ ռիսկային վիրաբուժական գործողությունների համատեղումն առաջին հայացքից անհնարին է թվում, սակայն փաստերը վկայում են, որ ամեն տարի իրականացվում է 100 նման վիրահատություն: Համապատասխան դոնոր գտնելը, վիրահատության բարդ ընթացքը և հետվիրահատական աննկարագրելի ծախսերն էլ հենց այս միջամտությունը դարձնում են այսքան թանկարժեք:
Սրտի փոխպատվաստում. Սրտի փոխպատվաստման վիրահատությունն աշխարհում համարվում է բժշկական ամենառիսկային միջամտություններից մեկը՝ հետապնդելով բազմաթիվ մահացու բարդություններ: Այս վիրահատությունը գրեթե կրկնակի գերազանցում է սրտի բաց վիրահատության արժեքին, ինչը արդարացված է, քանի որ այդ դեպքում վիրաբույժները ոչ միայն աշխատում են պացիենտի հիվանդ սրտի հետ, այլև հեռացնում են այն և փոխարինում դոնորի առողջ սրտով: Միջին տվյալներով, սրտի փոխպատվաստումից հետո մարդու կյանքի տևողությունը կազմում է 15 տարի՝ օրգանիզմի դիմադրողականությունից և մի շարք այլ առանձնահատկություններից կախված:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն