05/02/2024 18:16
Պայթյունի պատճառն ու այլ հանգամանքներ պարզվում են․ ՆԳՆ
ՆԳՆ-ն անդրադարձել է Նոր Արեշում երկու մարդու կյանք խլած պայթյունին։
«Փետրվարի 5-ին, ժամը 11.36-ից սկսած, 911 ահազանգման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի և փլուզման վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության երեք մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ` (այդ թվում՝ կինոլոգ), ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հերթապահ և օպերատիվ խմբերը, Հայկական Կարմիր խաչի կամավորներ ու Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ավտոկռունկը։
Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, վնասվել են տներ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 180 փրկարարական ծառայող, նաև Հայկական Կարմիր խաչի 15 կամավոր։ Փլատակներից դուրս են բերվել և բուժօգնության տեղափոխվել վնասվածքներով երկու քաղաքացիներ՝ 1994 թ. ծնված Հրանտ Սարգսյանը և 1938 թ․ծնված Ռոզա Նազարյանը: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են, և ժամը 16:05-ին փլատակներից դուրս են բերվել Գայանե Եղոյանի ու Հայկ Սողոմոնյանի դիերը:
Պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։
Դեպքի վայրում Փրկարար ծառայության և Հայկական Կարմիր խաչի հոգեբանները մահացածների հարազատներին ցույց են տվել հոգեբանական աջակցություն։ Տեղում հերթապահել է շտապօգնության երկու բրիգադ, պարեկային ծառայողները սահմանազատել են տարածքը, հսկողության են վերցրել դեպքի վայր տանող ճանապարհները։
Ժամը 16.05-ին ՓԾ տնօրենի կարգադրությամբ բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Պայթյունի պատճառն ու այլ հանգամանքներ պարզվում են»: