05/02/2024 10:05
ԱՄՆ ՄԶԳ-ն 1 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց․ այդ օգնության շնորհիվ, ԼՂ-ից տեղահանված 19,300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը։
Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է հունվարի 31-ին՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացած միջոցառմամբ, որի ընթացքում բռնի տեղահանված անձինք ստացել են սնունդ և հիգիենայի պարագաներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդի և «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդի հետ մասնակցել է միջոցառմանը։
Աննա Ժամակոչյանն այցի ընթացքում ընդգծել է․ «Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները 2023–ի սեպտեմբերին հաշված օրերի ընթացքում բռնի տեղահանվելով հայտնվեցին իրենց կյանքն ու գործունեությունը վերսկսելու մարտահրավերի առաջ։ Հայաստանի կառավարությունը և բազմաթիվ անհատներ աջակցեցին նրանց առաջնային կեցության և ապրուստի միջոցներ հոգալու հարցում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները շարունակում են պետական դրամական աջակցություն ստանալ նաև ձմեռվա ամիսներին։ Բոլոր այս պետական ծրագրերում մեր կողքին մեր տեղական և միջազգային գործընկերներն են, ինչը կարևոր է, քանի որ բռնի տեղահանված ընտանիքին ժամանակ է պետք իր ինքնաբավ կեցությունը վերագտնելու համար»։
«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, պարենային և ոչ պարենային ապրանքներ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Աջակցության տրամադրումը մեկնարկել է 2023թ-ի դեկտեմբերին և կտևի 6 ամիս։ Աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերը։
«2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին։ Այս միջոցներն օգտագործվում են տրամադրելու ամեն ինչ՝ ներառյալ սնունդ և հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելու տեղահանված անձանց հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ։
Աջակցության տրամադրումն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են «Առաքելություն Հայաստան», Հայկական Կարմիր Խաչի ընկերություն, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպությունները։
«Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդն իր ելույթում նշել է․ «Տեղահանված անձինք «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի 10 թիրախային խմբերից մեկն են։ Մեր նպատակն է՝ նրանց ապահովել անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ և բարելավված սոցիալական պաշտպանությամբ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղահանված անձանց կարիքները հոգալու համար՝ ծրագիրը գործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև տրամադրում է անմիջական առաջնային օգնություն»։
Միջոցառման մասնակիցները հետևել են մարդասիրական ծանրոցների բաշխման ընթացքին, զրուցել շահառուների հետ՝ նրանց կարիքների մասին ավելի լավ տեղեկանալու համար։