05/02/2024 12:09
Դատական ակտը բողոքարկելու ենք. Արմեն Չարչյանի փաստաբան
Դատարանը մեղավոր ճանաչեց Արմեն Չարչյանին՝ իրեն վերագրվող հանցանքի կատարման մեջ, նվազագույն պատիժը կիրառեց 4 տարի ազատազրկում, և, հաշվի առնելով հանգամանքը, որ պարոն Չարչյանը 4 ամիս 17 օր գտնվել է անազատության մեջ, ընդհանուր պատիժը սահմանվեց 3 տարի, 7 ամիս, Արմեն Չարչյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Սահմանվեց փորձաշրջան, սա նշանակում է, որ Արմեն Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու։ Յուրաքանչյուր արդյունք, որը կհանգեցնի պարոն Չարչյանի՝ քրեակատարողական հիմնարկում չգտնվելուն, մեզ համար լավ է, բայց դատավճռի մասով ունենք անհամաձայնություն։
Հաշվի առնելով հանգամանքը, որ ի սկզբանե ասել ենք, ասում ենք ու ասելու ենք, որ Արմեն Չարչյանն անմեղ է ու տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման դատական ակտ»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշեց, թե դատական ակտը բողոքարկելու են։