05/02/2024 21:24
Հնդկաստանը դուրս կբերի իր զորքը Մալդիվներից
Հնդկաստանի ԶՈՒ զինծառայողները Մալդիվներից դուրս կբերվեն երկու փուլով՝ առաջինը կիրականանա մինչև մարտի 10-ը, իսկ երկրորդը՝ մինչև մայիսի 10-ը։ Այդ մասին հայտարարել է Մալդիվների նախագահ Մուհամեդ Մուիզզուն ՝ խորհրդարանին հղած իր ուղերձում։
«Մենք պաշտոնապես դիմել ենք Հնդկաստանին, որ նա դուրս բերի Մալդիվներում տեղակայված իր զորքը։ Վերջին քննարկումների համաձայն՝ զինվորականների մի մասը հետ է կանչվելու մինչև 2024 թվականի մարտի 10-ը, մյուսները՝ մինչև 2024 թվականի մայիսի 10-ը»,- Մուիզզուին է մեջբերել տեղի Edition պարբերականը։
«Մալդիվների բնակիչներն ակնկալում են, որ իրենց իշխանությունները օտարեկրյա զինվորականներին կհեռացնեն երկրից և թույլ չեն տա որևէ միջպետական համաձայնագիր, որը կարող է վտանգել մեր ինքնիշխանությունը»,- բնակչության ակնկալիքների մասին ասել է Մալդիվների նախագահը։
Հնդկաստանի և Մալդիվների միջև հարաբերությունները սառեցման շրջան են ապրում, քանի որ նախագահ Մուիզզուն, ով համարվում է չինաստանամետ, պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է Հնդկաստանի զինծառայողներին կղզուց դուրս բերելու անհրաժեշտության մասին։
Ներկայումս շուրջ 80 հնդիկ զինվորականներ են տեղակայված Մալդիվներում։