05/02/2024 22:09
«Դուք տուն չեք պահում, ձեր տունն եք քանդում»․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հանձնարարությամբ Արցախի դրոշը հանողներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ Հանրային ռադիոյի շենքից Արցախի դրոշը հանելու դատապարտելի արարքին։
«Հանրային ռադիոյի տնօրենն այսօրվա հայտնի հոդվածից բացի, նաև «Ֆակտոր»-ի հետ հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ, Արցախի դրոշը հանվել է:
Վերջինս նշել է, որ դա ռադիոյի աշխատակիցները չեն հանել` ակնարկելով, որ դա Փաշինյանի աշխատակազմի նախաձեռնությամբ է եղել, սակայն իրենք նկատելուց հետո արագ դրոշը վերադարձրել են այն վայր, որտեղից հեռացվել էր:
Ինձ արդեն թվում է, որ մեր երկրում ստրկության ինստիտուտ է ներդրվել, ոմանք Նիկոլին են ծառայում, իսկ վերջինս թուրքերի կամակորություններն է սպասարկում:
Լավ, մարդ ի՞նչ աստիճանի անինքնասեր լինի, որ իր պատմությունը, ինքնությունը, ինքն իրեն դավաճանի, դեռ չեմ խոսում՝ ադրբեջանցիների քմահաճույքները բավարարելու համար Փաշինյանի հանձնարականները կատարի:
Դուք տուն չեք պահում, դուք ձեր ընտանիքներն եք դավաճանում, ձեր տունն եք քանդում»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: