05/02/2024 10:35
2023-ի դեկտեմբերին ՀՀ-ում արձանագրվել է գնանկում, ինչը 12-ամսյա կտրվածքով կազմել է 0.6 տոկոս
Անցած տարին հայաստանյան բանկերն ամփոփեցին կապիտալի և իրացվելիության բարձր պաշարով, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագա հնարավոր ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմակայունությունը երաշխավորելու համար։ Ներկայում ֆինանսական համակարգում առկա են բոլոր նախադրյալները հետագա կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Հարցազրույցում նա անդրադարձել է անցած տարվա ֆինանսական համակարգի խնդիրներին, գնաճի ու տնտեսական աճի, վարկերի ու ավանդների ցուցանիշներին, դրամի փոխարժեքի վրա ազդեցություններին, ընթացիկ տարվա համար կանխատեսումներին և այլ թեմաների։
-Պարոն Խաչատրյան, 2023 թվականին հիմնականում ի՞նչ գործոններ էական ազդեցություն ունեցան ՀՀ ֆինանսական համակարգի վրա՝ և դրական, և բացասական իմաստով։ Որքանո՞վ լուծվեցին ի հայտ եկած խնդիրները, և այս տարի ի՞նչ խնդիրներ չեք բացառում ֆինանսական համակարգում։
-Չնայած բոլոր դժվարություններին՝ 2023 թվականը կարելի է համարել ֆինանսական համակարգի կայուն զարգացման տարի: Հիմնական մարտահրավերը կապված էր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձությունների հետ:
Կարևոր է ընդգծել, որ 2023 թվականը բանկերն ամփոփեցին կապիտալի և իրացվելիության բարձր պաշարով, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագա հնարավոր ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմակայունությունը երաշխավորելու համար: Բացի այդ, բանկային հատվածում արձանագրվեց բավարար շահութաբերություն՝ լրացուցիչ խթան հանդիսանալով ինչպես կապիտալի պաշարների ընդլայնման, այնպես էլ տնտեսության բնականոն վարկավորման համար: Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա ֆինանսական համակարգում առկա են բոլոր նախադրյալները հետագա կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար:
-Որքա՞ն է կազմել հանրապետությունում արձանագրված գնաճն անցած տարի։ Ինչո՞վ է պայմանավորված եղել այդ ցուցանիշը և ինչպիսի՞ն է այն նախորդ տարվա համեմատ։ Այս տարվա համար ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք։
-Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գնանկում, ինչը 12-ամսյա կտրվածքով կազմել է 0.6 տոկոս: ԿԲ-ի խորհուրդն իր քննարկումներում բազմիցս արձանագրել է, որ վերջին շրջանում գնաճի զարգացումներում էական են արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները: Դրանք դրսևորվում են հիմնականում ներմուծվող սննդամթերքի, ինչպես նաև ոչ պարենային ապրանքների մասով: Այսպես՝ օրինակ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ներմուծված պարենի գները նվազել են 7.9 տոկոսով, իսկ ոչ պարենի մասում ունենք 0.1 տոկոս գնաճ: Սա նաև նախորդ տարիներին ձևավորված շատ բարձր գների մակարդակից աստիճանական նվազման արտացոլում է: Համավարակից հետո մենք ունեինք մի իրավիճակ, երբ միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կտրուկ բարձրացել էին՝ պայմանավորված համաշխարհային արժեշղթաների խաթարումներով, ինչը հետագայում ավելի սրվեց աշխարհաքաղաքական լարվածության ավելացմամբ: Արժեշղթաների աստիճանական վերականգնման և գործընկեր հիմնական երկրներում զսպող դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքում միջազգային շուկաներում գներն աստիճանաբար նվազեցին, ինչն էլ արտացոլվեց նաև 2023 թվականի ՀՀ գնաճի ցուցանիշներում: Գնաճի նվազեցման վրա իր էական ազդեցությունն ունեցավ նաև 2022 թվականին դիտարկված ՀՀ դրամի արժևորումը գործընկեր երկրների արժույթների նկատմամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։