05/02/2024 11:26
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Մալերի թիվ 1 սիմֆոնիան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-ին երաժշտասերներին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ունկնդրելու Գուստավ Մալերի թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Այն տարբերակը, որով մեզ է հասել ավստրիացի մեծանուն կոմպոզիտոր Գուստավ Մալերի թիվ 1 սիմֆոնիան, արդյունքն է բազմաթիվ վերանայումների, որոնք կոմպոզիտորը կատարել է ստեղծագործության առաջին մի քանի հանրային կատարումներից հետո, որոնք այնքան էլ մեծ հիացմունք չէին գտնում ունկնդիրների շրջանում։
Իր առաջին մեծակտավ ստեղծագործությունը երիտասարդ Մալերը պատկերացնում էր ոչ որպես սիմֆոնիա, այլ որպես «երկմաս սիմֆոնիկ պոեմ», որի թեմատիկ ոգեշնչման ակունքները բխում էին գերմանացի նշանավոր գրող Ժան Պոլի «Տիտան» վեպի փիլիսոփայական շերտերից, ինչի բերումով էլ սկզբնական շրջանում կոմպոզիտորն իր ստեղծագործությունը ներկայացնում էր «Տիտան» անվանումով։
Հետագա լրամշակումների արդյունքում լիարժեք սիմֆոնիա դարձած ստեղծագործությունն իր մեջ կրում է գաղափարական և հուզական հղումներ առ բնությունը, մարդու ներաշխարհը և ճակատագրական ուղին, որով նա անցնում է իր կյանքի ընթացքում։