06/02/2024 17:20
Փաշինյանական իշխանության ցանկացած օր երկիրը մոտեցնում է նոր պատերազմի․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
44-օրյա պատերազմից հետո իշխանությունը համառորեն պնդում ու հասարակությանը համոզում էր, որ եթե 2021 թվականի ընտրություններում ընդդիմությունը հաջողության հասնի, ապա դա նոր պատերազմական գործողությունների է բերելու։ Դա այն ժամանակներն էր, որ իշխանությունը առաջ էր մղում տխրահռչակ «խաղաղության դարաշրջան» ձևակերպումը, ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«2022 թվականին իշխանությունն ասում էր, որ եթե Արցախի հարցով նշաձողը չիջեցնենք, ապա նորից կռիվ կսկսի՝ ձեռքի հետ էլ պայքարի դուրս եկած անձանց, խմբերին մեղադրում էր պատերազմ հրահրելու մեջ:
2023 թվականի նույն իշխանությունը, Ադրբեջանի իշխանությունների հետ սինքրոն, համոզում էր հանրությանը, որ «ռևանշիստական ուժերն» են խանգարում խաղաղության գործընթացին, իսկ իրենք սլանում են դեպի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
Իսկ ի՞նչ տեսավ հասարակությունը 2020-2023 թվականներին՝ պատերազմ, զիջումներ, մարդկային և տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, ուրացում, դավաճանություն:
Ո ՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս»,- ընդգծեց պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ 2024 թվականին էլ իշխանությունը հանրությանը փորձում է մանիպուլացնել՝ այլ թեմա հանրային օրակարգ բերելով՝ «Սահմանադրությունը փոխենք, մեր արմատները ուրանանք, պատմությունը խմբագրենք, ժողովրդի իղձերն ու նպատակները թաղենք, հայկականությունը խորտակենք, որ պատերազմ չլինի»:
«Մեռաք ձեր ասած 29 800 քառակուսի տարածքը հանձնելով․ թե բա՝ կարմիր գիծ է, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն: Ո՞ւր է․․․
Այս հասարակությունը, որը տեսել է, թե ինչպես է իշխանությունը խոստացել-ֆռացրել-խաբել ու արել ճիշտ հակառակը, արդեն ամեն ինչ գիտի նույն իշխանության վարքի ու որակների մասին:
Բանակցային գործընթացը բերել են, հասցրել մի կետի, երբ արդեն հստակ չէ, թե ինչի՞ շուրջ են իրական բանակցությունները, որո՞նք են այն փաստաթղթերը որոնք գոյություն ունեն կամ չունեն:
Այդքան չարչրկված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն ո՞ւնի, թե՞ չունի: Եթե ունի, ապա ո ՞ւր են Արցախում ապրող հայերն ու այդ փաստաթղթով նրանց տրված անվտանգային երաշխիքները:
Եթե դա գոյություն չունի, ապա ինչո՞ւ և ո՞ւր է Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը»,- հուզող հարցերը բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավորը:
Ակնհայտորեն իշխանությունը խճճվել է ստի, կեղծիքի ու չիրականցված խոստումների ճահիճում, իսկ նրա գործունեության ցանկացած օր երկիրը մոտեցնում է նոր պատերազմի, ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
«Մեր իրականությում մարդիկ արդեն հստակ գիտեն, որ Հայաստանի գլխին նոր պատերազմի հիմքում փաշինյանական իշխանությունն է․ քանի իրենք կան՝ նոր զիջումներն ու պատերազմը երաշխավորված են»,- ասաց նա: