06/02/2024 14:32
Հայկ Մարությանի ղեկավարած խմբակցությունը տապալելու է ավագանու արտահերթ նիստը
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը տապալելու է ավագանու արտահերթ նիստը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Մեր խմբակցությունը, ինչպես նախկինում, այդպես էլ փետրվարի 7-ին, չի ապահովելու այս իշխանությունների որոշումների համար քվորում։ Մենք չենք գրանցվելու, որպեսզի քվորում տեղի չունենա։ Մենք մտադիր ենք ներկայանալ, ամբիոնից շփվել երևանցիների հետ, օգտվելով մեզ տրված մանդատի իրավունքից, բացատրել, թե ինչ է տեղի ունենում, խոսել այս իշխանության հակաժողովրդավարական քաղաքականության մասին։ Մենք կօգտագործենք մեր խոսքի իրավունքը, սակայն քվեարկություն չենք ապահովելու»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների համախմբման և «Քաղաքացիական պայմանագրին» ավագանուց հեռացնելու վերաբերյալ Վարդան Ղուկասյանի կոչին՝ Աբգարյանն ասաց.
«Հիշեցնեմ, որ «Ազգային առաջընթացն» էր, որ ի սկզբանե առաջարկում էր չընտրել Տիգրան Ավինյանին։ Մեր դիրքորոշման մասին հայտարարել է Հայկ Մարությանը, այն է՝ ելքը արտահերթ ընտրությունն է, այս ձևաչափով քաղաքապետարանը պարզապես կաթվածահար է լինելու։ Ավինյանը պետք է օր առաջ իր ՔՊ-ով հեռանա իշխանությունից»։
Ավելի վաղ ավագանու նիստը բոյկոտելու մասին հայտարարել են ավագանու «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» խմբակցությունները։