06/02/2024 20:48
Թալիբները 10 աֆղանստանցու են ձերբակալել՝ պարելու համար
Թալիբան արմատական շարժման անդամները ձերբակալել են Աֆղանստանի Թահար նահանգում գտնվող Սաֆիմանգալ գյուղի 10 բնակիչների՝ պարելու համար, ինչպես նաև առգրավել են նրանց երաժշտական գործիքները, հայտնել է տեղի Etilaat Roz պարբերականը՝ հղում անելով թալիբների անվտանգության ծառայությանը։
Թալիբները գյուղացիներին մեղադրանք են առաջադրել իրենց իսկ տանը պարելու համար, առգրավել են դափն ու թմբուկը։
2021 թվականից Աֆղանստանում իշխանության եկած թալիբները սահմանափակումներ են մտցրել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ «պետությունում իսլամական միջավայր ստեղծելու» անվան տակ։ Նրանք հայտարարել են, որ պարերն ու երաժշտական գործիքների վրա նվագելը երիտասարդության բարոյազրկման ու հասարակության դեգրադացիայի պատճառ են և բնակիչներին զգուշացրել են չլսել երաժշտություն ու չկատարել այն՝ սպառնալով պատժել կարգը խախտողներին։
Անցյալ տարվա ամռանն էլ թալիբների «բարոյականության ոստիկանները» Գերատ նահանգի բնակիչներից հավաքել էին նրանց երաժշտական գործիքներն ու այրել։
Աֆղանստանում արգելվել է նաև հեռուստատեսությունը, տեսանկարահանումների իրականացումը, կերպարվեստը, լուսանկարահանումը, բռնագրավվել են բնակիչների աուդիո և վիդեոձայնագրիչները։