06/02/2024 16:52
Կգա մի օր, որ կասեն` ինչո՞ւ ես երեխայիդ մայրիկիդ ու հայրիկիդ անունով կոչում, անունը դիր Էլչին, Զեյնաբ. սա է Փաշինյանի փիլիսոփայության շարունակությունը. Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանը կասի` ինչո՞ւ եք խրոխտ կանգնել ձեր հողում` կզեք:
«Կզեք ու կզած ապրեք: Հետո կասեն` այդ ի՞նչ զենք է կողքիդ ամրացված պաշտպանվելու համար, հանի ու, առհասարակ, գոտին էլ հանի, որ զենք չկարողանաս կրել: Հետո ասելու են` այդ ի՞նչ խաչ է վզիդ, հանի, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ, հետո էլ ասելու են` դու մի հիշի, որ պատմություն ունես, հզոր ես եղել, մոռացի, դրանք քեզ պետք չեն, այդպես ավելի հեշտ կապրես, հետո մի պահ էլ կասեն` այդ ի՞նչ լեզվով ես խոսում, ուրիշ լեզվով խոսես` ավելի հեշտ ես ապրելու»,- ԱԺ-ում հայտարարեց Մամիջանյանը:
Ըստ նրա` կգա մի օր, որ կասեն` ինչո՞ւ ես երեխայիդ մայրիկիդ ու հայրիկիդ անունով կոչում, անունը դիր Էլչին, Զեյնաբ, ավելի հեշտ կապրեն:
«Հետո էլ կասեն` ինչո՞ւ է, որ երբ տեսնում եք անառակություն է, երեխու աչքերը փակում եք, բացեք, թող տեսնի, սովորի: Հետո էլ ասելու են` մինչև ձեզ գնդակահարում ենք` հոգիներս դուրս է գալիս, մի հատ «պրիցելի» նշան ճակատիդ տատու արա, վզիդ էլ գիծ արա, որ յաթաղանով գլուխդ կտրելուց ավելի հեշտ լինի: Այ սա է Փաշինյանի փիլիսոփայության շարունակությունը»,- ասաց Մամիջանյանը:
Նա ասաց, թե մինչև Փաշինյանի գալը հայ ժողովուրդը երկու պետություն է ունեցել:
«Մեր ժողովուրդը պետական ժողովուրդ է, ձերը` չգիտեմ»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: