06/02/2024 13:08
Սահմանադրությունը փոխելը բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ. սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է. Հայկ Կոնջորյան
Սահմանադրությունը փոխելը բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ, վստահեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, սա Հայաստան պետության մասին է, ՀՀ քաղաքացիների մասին է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ Կոնջորյանի՝ բոլորս կշահենք, եթե կարողանանք այս քննարկման ընթացքում պրոպագանդիստական աղմուկը մի կողմ տանել ու բովանդակային քննարկում ունենալ:
«Սահմանադրության, Անկախության հռչակագրի ու 4-րդ Հանրապետության մասին քննարկումները, որ ընթանում են ու կընթանան, մեր ինքնահայեցման մասին են»,- նշեց նա:
ՔՊ-ականի խոսքով` ՔՊ-ն վերջնական որևէ եզրահանգում չունի, Նիկոլ Փաշինյանի` Արդարադատության նախարարությունում արած հայտարարությունից հետո է ծավալվել քննարկում:
«Հիմա թե՛ մենք, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը կներկայացնենք մոտեցումները, դիրքորոշումները, հետո, երբ կլինի նախագիծ, տեքստ, բոլորը կիմանան այդ մասին, հիմա վաղաժամ է վերջանական եզրահանգումներ անելը»,- նշեց Կոնջորյանը: