06/02/2024 13:46
Նիկոլ Փաշինյանի`կարմիր զգեստով ցուլերի միջով անցնելու հայտարարությունը բոլորովին չի նշանակում ինքնությունից հրաժարվել. ՔՊ խմբակցության ղեկավար
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կարմիր զգեստով ցուլերի միջով անցնելու մասին հայտարարությունն ալեգորիկ օրինակ է ու բոլորովին չի նշանակում ինքնությունից հրաժարվել:
«Իմ համոզմամբ, այո, ինքնությունը նա է, ինչ որ ստացել ենք ժառանգություն, բայց ինքնության ամենակարևոր բաղադրիչն այն է, ինչը մենք ձևավորում ենք նաև մեր վարքով: Ինքնությունը նաև այն է, ինչը մենք ձևավորում ենք աշխարհի հետ մեր հարաբերության մեջ, որովհետև, եթե աշխարհը մեզ մի մարտահրավեր է տալիս ու մենք, անտեսելով այդ մարտահրավերը, մրցունակ չենք լինելու»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց Կոնջորյանը:
Նա նշեց, թե տարածաշրջանում մարտահրավերներին դիմակայելու համար պետք է մեր ներքին կանոնները, Սահմանադրությունը վերաիմաստավորենք:
ՔՊ-ականը հայտարարեց, թե ժողովուրդն է որոշում` ով է իշխանությունը, ով է վարչապետը:
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընտրված վարչապետն է, ժողովուրդն է ձևավորել իշխանությունը ու միայն ժողովուրդը կարող է փոխել»,- ընդգծեց Կոնջորյանը: