07/02/2024 20:29
Աորտայի ախտահարում․ Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ
Աորտան մեր օրգանիզմը սնուցող զարկերակն է՝ արյան շրջանառության ամենախոշոր անոթը:
Աորտան սկսվում է սրտի ձախ փորոքից և հանդիսանում արյան մեծ շրջանառության առաջին արյունատար խողովակը: Այն ձգվում է կրծքավանդակի կենտրոնում գտնվող սրտից՝ մինչև որովայնի խոռոչ:
Տարբերակում են աորտայի հետևյալ շրջանները՝
վերել աորտա,
աորտայի աղեղ,
վայրէջ աորտա։
Վերել աորտայի սկզբնական լայնացումից դուրս են գալիս աջ ու ձախ պսակային զարկերակները, որոնք արյուն են մատակարարում սրտին։ Հենց այս անոթների աթերոսկլերոտիկ ախտահարմամբ է պայմանավորված սրտի իշեմիկ հիվանդության զարգացումը, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտ և կրծքահեղձուկ:
Աորտայի աղեղից՝ աջից դեպի ձախ, դուրս են գալիս բազկագլխային ցողունը, ձախ ընդհանուր քնային և ենթաանրակային զարկերակները, որոնք արյուն են հասցնում դեպի գլուխ և վերջին վերջույթներ:
Վայրէջ աորտան մինչև ստոծանին անվանվում է կրծքային, իսկ ստոծանուց ցած՝ որովայնային աորտա։ Աորտայի այս շրջանից դուրս են գալիս մեր իրանում տեղակայված բոլոր օրգաններն արյունամատակարարող զարկերակները:
Որովայնային աորտան գոտկային 4-րդ ողնի մակարդակում բաժանվում է կոնքի օրգաններն ու վերջույթներն արյունամատակարարող աջ ու ձախ ընդհանուր զստային զարկերակների։
Չափահաս տարիքում աորտայի ամենատարածված ախտահարումն այս անոթի պատի աթերոսկլերոզն է: Աթերոսկլերոզը զարգանում է, երբ սրտից դեպի մյուս օրգաններն ու հյուսվածքները թթվածին և սննդանյութեր պարունակող արյուն տեղափոխող զարկերակները՝ այդ թվում աորտան, հաստանում և կարծրանում են՝ երբեմն առաջացնելով արյունամատակարարվող օրգանների և հյուսվածքների արյան հոսքի նվազեցում: Առողջ զարկերակները ճկուն և էլաստիկ, սակայն, տարիքի հետ, դրանց պատը կարող է կարծրանալ։
Երբ աորտայի պատի մի մասը թուլանում և արտափքվում է, ապա զարգանում է աորտայի անևրիզմա: Ավելի հաճախ հանդիպում է որովայնային աորտայի, իսկ շատ ավելի հազվադեպ՝ որովայնային աորտայի անևրիզման: Աորտայի անևրիզմաները սովորաբար սկզբում փոքր են լինում, սակայն բարձր ճնշմամբ կարող են հասնել մեծ չափերի:
Սովորաբար աորտայի անևրիզման մեծանում է դանդաղորեն, իսկ երբեմն էլ կարող է պատռվել՝ առաջացնելով տեղային արյունահոսություն: Աորտան ամենամեծ զարկերակն է, ուստի աորտային անևրիզմայի շերտազատումն ու պատռումը խիստ վտանգավոր է և վայրկյանների ընթացքում կարող է առաջացնել արյան մեծ կորուստ և մահ:
Աորտայի կոարկտացիան գլխավորապես նորածին երեխաների մոտ հայտնաբերվող սրտային բնածին հիվանդություն է, որը բնորոշվում է այս անոթի նեղացմամբ, ինչն էլ բերում է զարկերակային գերճնշման, երեխայի աճի հապաղման և մարմնի վերին և ստորին վերջույթների միջև արյունահոսքի կտրուկ տարբերության: Բուժումը վիրահատական է:
Սրտանոթային հիվանդությունների ռիսկը կարելի է կրճատել ամենօրյա կանոնավոր վարժանքներով, պահպանելով առողջ մարմնի կշիռը, կրճատելով սթրեսը, հետևելով առողջ սննդակարգին և հրաժարվելով ծխախոտից:
Կարևոր է նաև հսկել արյան ճնշումը և արյան խոլեսթերինի մակարդակը, իսկ եթե առկա է շաքարային դիաբետ, ապա նաև կառավարել արյան գլյուկոզի մակարդակը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն