07/02/2024 19:55
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտնվել է փակուղում, աշխարհը քաոսի մեջ է․ Գուտերեշ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտնվել է փակուղում՝ աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ համաշխարհային խնդիրների լուծման գլխավոր հարթակը, հայտնվել է փակուղում աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով»,- Գուտերեշի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սառը պատերազմի ժամանակ հնարավոր եղավ կարգավորել գերտերությունների հարաբերությունները՝ ներդրված գործուն մեխանիզմների շնորհիվ, բայց հիմա իրավիճակն այլ է։
«Ժամանակակից բազմաբևեռ աշխարհում այդպիսի մեխանիզմներ այլևս չկան, աշխարհը թևակոխել է քաոսի դարաշրջան»,- ասել է Գուտերեշը։
«Տեսնում ենք հետևանքները՝ վտանգավոր ու անկանխատեսելի խառնաշփոթ՝ լիակատար անպատժելիության պայմաններում։ Միջուկային զինաթափումից տասնամյակներ անց պետությունները մրցում են իրենց միջուկային զինանոցներն ավելի արագ, գաղտնի և ճշգրիտ դարձնելու համար: Նոր հակամարտություններ են մշակվում, նոր սպառազինություններ՝ զերծ բոլոր սահմանափակումներից, միմյանց սպանելու, մարդկությունը վերացնելու նոր մեթոդներ են ստեղծվում»,- մտահոգություն է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարը։