07/02/2024 11:02
Դուք ո՞վ եք, իմ գործատուն իմ ընտրողներն են. Հայկ Մարությանը՝ իրեն մանդատից զրկողներին (Տեսանյութ)
Այս դահլիճում նորից մի անամոթ որոշում է քննարկվում՝ մանդատից զրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների, այդ թվում նաև՝ ինձ, Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը։
«Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, դո՞ւք եք ինձ էդ մանդատը տվել, թե կարող ա մտածում եք՝ դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, դուք ո՞վ եք։ Էս էլ որերորդ անգամ արհամարհում եք ժողովրդի կամքը»,-հայտարարեց Հայկ Մարությանը։
Նա ասաց, թե նիստերին չմասնակցելն իր գիտակցված որոշումն է.
«Միայն նիստին չգալու և քվորում չապահովելու միջոցով է հնարավոր այնպես անել, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի։ Գալով ու դեմ քվեարկելով չի ստացվում, որովհետև իշխանության ձայները մի քանի հատով միշտ ավելի են, բայց իրենք ավելի չեն, իրենք փոքրամասնություն են։ Բոյկոտը մեր քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։
Ինձ մոտենում են քաղաքացիները, ասում են՝ էս ինչ վիճակ ա։ Ասում եմ՝ ժողովուրդ ջան, բայց ինչի՞ եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը։ Խնդրում եմ նամակ, մեյլ գրել քաղաքապետարանին, անունն էլ Սիսի դրեք, որ տեսնեն»,-ասաց Մարությանը։
Նա հայտարարեց, թե իրեն ավագանուց հեռացնելու գործընթացը կոնկրետ նպատակ ունի՝ զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։