07/02/2024 13:55
Ալեն Սիմոնյանին դուր չեկավ իրենց թեկնածուի պահվածքը, ով Ագնեսա Խամոյանին հորդորում էր բառերի մեջ զգույշ լինել
Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար քննարկում է Կարեն Թումանյանի թեկնածության հարցը:
Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետարքրքվեց, թե ի՞նչ հիմքով է Թումանյանն ազատվել զինվորական ծառայությունից, ե՞րբ է ամուսնացել ու քանի՞ տարեկան են իր երեխաները:
Թումանյանն էլ ասաց, թե վերջին անգամ է պատասխանում այդ հարցին` զինվորական ծառայությունից ազատվել է օրենքի հիման վրա:
«Ես վեց անգամ բարեվարքության քննություն եմ անցել ու վեց անգամ էլ ստացել եմ դրական եզրակացություն»,- ասաց նա:
Խամոյանը պնդեց` շատ հստակ հարց է տալիս, սպասում է պատասխաններին:
«Դուք մամուլին ասել եք, որ ամուսնացել եք 2012 թվականին, դրա համար հարցրեցի ձեր երեխաների տարիքը, ո՞նց է ստացվում, որ դուք 2012-ին ամուսնացել եք, բայց 1994 թվականին 2 ու ավելի երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված՝ ազատվել եք զինծառայությունից»,- նշեց Խամոյանը:
Թումանյանն էլ հայտարարեց, թե Ագնեսա Խամոյանը, երբ իրեն հարց է տալիս, պետք է նկատի ունենա, որ իրավաբանի է հարց տալիս:
«Զգույշ վերաբերվեք»,- ասաց նա:
Միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Ի՞նչ է նշանակում սովորեք իրար բաներ ասել, որպես ԱԺ նախագահ ուզում եմ հասկանալ` ի՞նչ նկատի ունեք»:
«Հարգելի՛ նախագահող,- ուզում էր արձագանքել Թումանյանը, երբ Սիմոնյանը կրկին միջամտեց,- Ես նախագահողը չեմ, հարգելի՛ իրավաբան, ես նախագահն եմ, շարունակեք»:
«Ես նկատի ունեմ, որ բառերը, որ արտահայտվում են, կարող են լինել քրեորեն հետապնդելի արարքի մաս, օրինակ` խուսափել զինծառայությունից, ես չեմ խուսափել»,- ասաց Թումանյանը: