07/02/2024 08:55
«Ժողովուրդ». ԿԳՄՍՆ-ն այլևս չի համակարգում համալսարանների աշխատանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շուրջ ծավալվող աղմուկները հաջորդում են մեկը մյուսին: Դրանք այնքան ջանք ու էներգիա են տանում բազմապրոֆիլ այդ նախարարությունից, որ փոխնախարար չի նշանակում բուհերի գծով:
Պարզվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այլևս չի համակարգում համալսարանների աշխատանքը և ցանկացած հարց՝ կապված բարձրագույն կրթության հետ, չի ընդգրկում իր հետաքրքրությունների շրջանակներում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանների աշխատանքն արդեն համակարգում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որի առաքելությունն է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող Գիտության կոմիտեի և ԲՈԿ-ի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները համակարգել։
Շատ բուհերից արդեն ահազանգում են, որ կոմիտեն չի հաջողում համալսարանների հետ աշխատանքում, հստակ չի կարողանում սահմանել բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները և համակարգված չի աշխատում ԿԳՄՍ նախարարության հետ։ Նախկինում բուհերի աշխատանքը համակարգող փոխնախարարը ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որը 2022 թվականի դեկտեմբերից չի զբաղեցնում այդ պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունը, որը համակարգում է բուհերի հետ աշխատանքը, կոմիտեին ֆիզիկապես միացել է 2024 թվականի հունվարին, որի արդյունքում էլ կառավարման լուրջ բացթողումներ կան: Ամեն դեպքում, կապվեցինք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ խնդիրներ կամ ուշացումներ ոչ մի ժամանակ չեն եղել. «Երբ բուհերը նման հայտարարություններ են անում, ձևակերպում են՝ որոնք են այն խնդիրները, որոնցով կոմիտեն չի զբաղվում։ Մենք գիտենք, որ կան համակարգային խնդիրներ. եթե չլինեին, այդ բարեփոխումներն անելու իմաստ չէր լինի։ Բուհ չկա, որ ունենա օրհասական խնդիր, և մենք դրանով չզբաղվենք»: Մինչդեռ, շատ բուհերի ղեկավարներ կան, որ մեզ ահազանգել են, դեռ՝ ծպտյալ, որ խնդրի դեպքում օրերով չեն կարողանում պատասխանատու կառավարիչ գտնել, կարգավորել հարցը»։