07/02/2024 23:23
Պայքարելու ենք տրանսպորտի թանկացման դեմ, թույլ չենք տալու Սահմանադրության փոփոխություն, ավագանու անդամներին մանդատներից զրկելու որոշումը վիճարկելու ենք դատական կարգով․ «Մայր Հայաստան» խմբակցություն
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու որոշման վերաբերյալ «Մայր Հայաստան» խմբակցության հայտարարությունը․
«Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվել է «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից: Դա տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, դրան կից խմբակցության՝ «Հանրապետության» և «Հանրային ձայնից» բերման ենթարկված տխրահռչակ երկու հոգու համատեղ գործողություններով: Ակնհայտ է, որ գործ ունենք կուլիսային և ապօրինի գործընթացների հետ: Առկա է նաև «Մայր Հայաստան»-ի դեմ քաղաքական հետապնդման բացահայտ դրսևորում:
«Մայր Հայաստանը» դատապարտում է ավագանու անդամներին մանդատներից զրկելու քստմնելի, ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական որոշումը և այն վիճարկելու է դատական կարգով:
Այս իշխանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ժառանգել են նորանկախ Հայաստանում արձանագրված բոլոր վատ բարքերը և սպառել են իրենց:
Մենք դատապարտում ենք իշխող խմբակի այդ որոշումը, որն ակնհայտորեն կայացվել է Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացմանն ընդառաջ:
«Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ՝ ամեն ինչ անելով, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն և պաշտպանվեն քաղաքացու շահերը: Մենք թույլ չենք տալու նաև Ալիևի թելադրած օրակարգով սահմանադրության փոփոխություն, որը մեր պետականության հիմքերի ոչնչացման համար է իրականացվում, և որը կարող է հանգեցնել նոր ցեղասպանության:
Մենք շարունակելու ենք տեղական ու համապետական մասշտաբով Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացմանն ուղղված քայլերը: Սա մեր ժողովրդի ու պետականության գոյության պայքար է:
«Մայր Հայաստան» շարժում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն»։