07/02/2024 10:26
Ի պատիվ պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիայի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ
Ի պատիվ պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Պաշտոնական ճաշի մեկնարկին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին հայ-հունգարական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել է Երախտագիտության մեդալով։
Նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, բարձր գնահատել երկկողմ հարաբերություններն ու բարձր մակարդակի փոխգործակցությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքը.
«Թույլ տվեք հայտնել իմ խորին շնորհակալությունը` ինձ և հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր զրույցը շարունակել այսպիսի մտերմիկ ու անկաշկանդ մթնոլորտում։
Նախագահի մակարդակով այս պաշտոնական այցը մեր երկկողմ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու և նոր մակարդակի տեղափոխելու փոխադարձ շահագրգռվածության վառ վկայությունն է: Վստահաբար այն կխթանի մեր ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերը և հիմք կհանդիսանա բազմոլորտ համագործակցության դինամիկ զարգացման համար:
Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ թելերով, որ հյուսվել են վաղնջական ժամանակաշրջաններից: Հունգարիայում ապաստան գտած հայերը դարերի ընթացքում ապացուցել են իրենց հավատարմությունը հյուրընկալ երկրին, ստացել առանձնաշնորհներ և ազնվականական տիտղոսներ, այդ թվում՝ Մարիա Թերեզա կայսրուհուց:
1848-1849թթ. հակաավստրիական ազատագրական պայքարին մեծ թվով հայ սպաներ են մասնակցել: Տասներեք մահապատժի դատապարտված «Արադի նահատակներից» երկուսը՝ գեներալ-լեյտենանտ Էռնո Քիշը և գնդապետ Վիլմոշ Լազարը ծագումով հայազգի էին։
Մեր հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը։ Հունգարական մշակույթը հարստացրել են ծագումով հայ մշակութային գործիչները, այդ թվում՝ գրողներ Գերգեյ Չիկին, Իշտվան Պետելեին, նկարիչ Շիմոն Հոլլոշին, այս շարքը կարելի է երկար շարունակել:
Մի բան ակնհայտ է՝ հայ և հունգար ժողովուրդների բարեկամությունը կոփվել է դարերի ընթացքում, անցել դժվարին փորձությունների միջով, տալով նվիրվածության և հավատարմության բազմաթիվ օրինակներ:
Մենք կիսում ենք համամարդկային միևնույն արժեքները` ձգտելով միջազգային անվտանգության, խաղաղության, ինքնիշխանության, հավատալով հանդուրժողականության ուժին:
Տիկին նախագահ,
Մենք հավատում ենք, որ Ձեր երկիրը և շատ երկրներ, որոնց հետ մենք ունենք մշակութային և քրիստոնեական ընդհանուր արժեքներ, կսատարեն մեր արդար գործին և կօգնեն Հայաստանին տարածաշրջանում հարատև խաղաղության և համագործակցության հասնելու ճանապարհին, ինչը պետք է խարսխված լինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության և ազատության սկզբունքների վրա:
Հունգարիա պաշտոնական այցիս շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում անդրադարձել եմ մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ոգուն և բարեկամության լավագույն ավանդույթներին: Վերահաստատել եմ նաև երկու երկրների միջև համագործակցությունը գործուն միջոցներով խորացնելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը»: