07/02/2024 19:27
Պաղեստինը Իսրայելի հետ զինադադար կնքելու պայմաններն է ներկայացրել
Պաղեստինը չի ընդունի զինադադարի առաջարկը, եթե Իսրայեը կրակի դադարեցումից հետո դուրս չբերի իր բանակը Գազայի հատվածից և չվերականգնի Գազան, «Ռիա Նովոստի»-ին ասել է «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչ Իսմայիլ Սանդավին։
Նա նշել է նաև, որ Պաղեստինի պայմաններից մեկն էլ ամբողջական ու մշտական հրադադարի կնքումն է, դրա երաշխիքները․
«Պետք է երաշխիքներ լինեն, որ ամբողջական զինադադար կլինի, կրակի ամբողջական դադարեցումից հետո ազատ կարձակվեն պատանդները, քանի որ մեր նպատակն է փրկել սպանության դատապարտված մարդկանց»։
Պաղեստինյան դիմադրության շարժման ներկայացուցիչը նշել է նաև, որ որպես երաշխավորներ պետք է հանդես գան այն երկրները, որոնք մասնակցել են Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը, որի ժամանակ պատադներին փոխանակելու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Երաշխավոր երկրներ պետք է լինեն ԱՄՆ-ն Եգիպտոսը և Քաթարը, կա տեղեկություն, որ երաշխավորներ կդառնան նաև Ռուսաստանն ու Թուրքիան»,- ասել է «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Գազայի հատվածի վերականգնմանը, ապա, նրա խոսքով, ողջամիտ որոշում կլինի արդեն իսկ պատրաստի՝ մոդուլային տնակների տեղադրումը։ Դրանք, նրա խոսքով, կարող են բերվել Գազա ու տրամադրվել այն մարդկանց, ում տներն ավերվել են։