07/02/2024 17:32
Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցը Խաչատուրյանը քննարկել է Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հաղորդագրությունում նշված է․
«Ողջունելով նախագահին՝ Հունգարիայի վարչապետը նշել է. «Պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Հունգարիա այցելության համար. տեղյակ եմ, որ երեկ շատ արդյունավետ հանդիպում և զրույց եք ունեցել մեր երկրի նախագահի հետ: Այս հանդիպումները կարևոր են մեր երկրների հարաբերությունների ներկայիս փուլում: Հուսով եմ նաև, որ դրանք դրականորեն կազդեն նաև տնտեսական համագործակցության զարգացմանը»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: «Պարոն վարչապետ, մենք դժվար ժամանակներ ենք հաղթահարել և հիմա պատրաստ ենք ջանքեր ներդնել մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այդ թվում նաև նկատի ունենալով այն, որ Հունգարիան առաջիկայում ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Հուսով եմ, որ Եվրամիության և միջազգային այլ հարթակներում մենք կունենանք արդյունավետ համագործակցություն»,- նշել է նախագահը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային փոխգործակցության խթանման և առկա ներուժի լիարժեք իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր: Նախագահը վերահաստատել է կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի վերաբերյալ: Կողմերը երկուստեք կարևորել են Հայաստան-ԵՄ արդյունավետ գործընկերության խորացումը, շեշտել ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ հետագա քայլերի շարունակականության նշանակությունը:
Հայաստանի նախագահը և Հունգարիայի վարչապետն ընդգծել են, որ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր գրավականներից է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությունն ու նոր կապերի հաստատման ուղղությամբ ջանքերի ներդրումը»: