08/02/2024 14:10
«Իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը». ԱՄՆ դեսպանությունը՝ Գագիկ Գինոսյանի մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։
ԱՄՆ դեսպանության անունից խորին ցավակցություն ենք հայտնում պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում։
Վերջին հրաժեշտը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը՝ փետրվարի 9-ին։
Նույն օրը հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին՝ Եռաբլուրում։