08/02/2024 10:51
ԱՊՀ-ում պառակտման նշաններ չկան. Երևանի ակտիվության որոշակի նվազում եղել է․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում․ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը հետևել Մոլդովայի օրինակին և համագործակցությունից դուրս գալու մասին մտածել։
«Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն Է ԱՊՀ-ում և համագործակցության շահագրգիռ մասնակից»,-նշել է նա։
«Որոշակի փուլում իսկապես տեղի է ունեցել ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում։ Սակայն, ընդհանուր առմամբ, տարվա արդյունքները կարելի է դրական համարել։ Հայկական կողմը միացել է 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծամասնությանը։ Պաշտպանել է համագործակցության կանոնադրական մարմինների՝ անցյալ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները։ Այս կապակցությամբ մենք կազմակերպությունում ինչ-որ «պառակտման» նշաններ չենք տեսնում։ Ընդհակառակը, չնայած բարդ աշխարհաքաղաքական իրադրությանը, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով», - ասել է նա։