08/02/2024 20:09
«Էլի ցուլը տնկել է իր պոզերը, եկեք նոր մի բան զիջենք»․ ՀԱԿ փոխնախագահը համոզված է՝ Փաշինյանն իրականացնում է Ալիևի ծրագիրը
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազաատության» հետ զրույցում արձագանքել է վաչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Անկախության հռչակագրի դրույթները անորոշ են և տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս։
«Ո՞րն է հայ ժողովրդի իղձը, մենք վստահ ենք, որ Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգներում ապրող հայ ժողովրդի իղձերը նույնակա՞ն են, որտե՞ղ է դա ձևակերպված», - նշել էր Փաշինյանը:
«Եթե ինքը այդպես է համարում, դա նշանակում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել բավարարելու համար Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները, որոնք լեգիտիմ չեն», - ասել է Լևոն Զուրաբյանը:
Նույն կերպ Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում հռչակագրում տեղ գտած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման դրույթը, որ դեռ 1991-ին Խորհրդային միության սահմանադրական մարմնի կողմից անվավեր է ճանաչվել։ Սա, ըստ ՀԱԿ փոխնախագահի, ընդամենը Ալիևի քմահաճույքն է։
«Նիկոլ Փաշինյանը մերժելով շատ վատ ռուսական պլանը, որը նախատեսում էր Մեղրիում կոմունիկացիայի հաստատում ադրբեջանցիների համար ռուսական վերահսկողության ներքո, այդ պլանի մեջ խոսվում էր նրա մասին, որ պետք է պահպանվի Ղարաբաղը, և նրա կարգավիճակն, ըստ էության, պետք է առկախ մնար, հույսը դրեց, որ կիրականացվի արևմտյան շատ վատ պլանը, որովհետև այդ պլանով Ղարաբաղը պիտի ճանաչվեր Ադրբեջանի կազմում իր բոլոր հետևանքներով, որոնց մենք ականատես եղանք, դա էլ Փաշինյանը չստացավ, այսինքն ինքը հրաժարվեց Ռուսաստանից, չստացավ արևմտյան պլանը, երկուսն էլ վատ են ինչ-որ իմաստով, բայց գոնե ինչ-որ պլան էին խաղաղության, Փաշինյանը կոտրած տաշտակի առաջ է հայտնվել և հայտնվել է մի վիճակում, երբ որ պետք է իրականացնի Ալիևի խաղաղության պլանը», - նշել է Զուրաբյանը:
ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ այս իրավիճակում Փաշինյանին այլ բան չի մնում, քան իրականացնել Ալիևի բոլոր պահանջները, որոնք գնալով ավելանում ու սաստկանում են։ Իսկ Փաշինյանն, ըստ Զուրաբյանի, արդեն ասել է, որ ոչ մի երաշխիք չի կարող տալ, որ զիջումների դիմաց խաղաղություն կստանա Ալիևից։
«Շատ տարօրինակ փորձարարական խաղ է. մենք զիջում ենք սա, տեսնում ենք Ադրբեջանը խաղաղություն ստորագրեց, չէ, չի ստորագրում, էլի ցուլը տնկել է իր պոզերը, եկեք նոր մի բան զիջենք: Ես վստահ ասում եմ՝ վաղը Ադրբեջանը դնելու է ատոմակայանի փակման հարցը, մյուս օրը Զանգեզուրում ադրբեջանցիների վերադարձի հարցը», - ասել է նա:
ՀԱԿ փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանի համար այսօր ստեղծվել է վտանգավոր մի իրավիճակ, որն ամբողջությամբ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում