08/02/2024 16:56
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արթուր Աթաբեկյանին
Ազգային ժողովում հրապարակվեցին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում առաջադրված 3 թեկնածուների վերաբերյալ քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
Արթուր Աթաբեկյան-կողմ՝ 69,
Արման Օհանյան-կողմ՝ 0,
Գուրգեն Մալխասյան-կողմ՝ 0։
Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով՝ Սնանկության դատարանի դատավոր:
2022թ. հունվարի 13-ին նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: