08/02/2024 09:56
«Ժողովուրդ». Ինչու է Անահիտ Ավանեսյանը գործուղվում Հունգարիա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվելու է Հունգարիա։
Գործուղումը տևելու է 2 օր՝ 2024 թվականի փետրվարի 5-7-ը։ Բուդապեշտ այցի նպատակն է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելը։ Նախարար Անահիտ Ավանեսյանի այցին զուգահեռ, Բուդապեշտում էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի այցին ի պատիվ պաշտոնական ճաշ է տրվել, հնչել են բաժակաճառեր, բարձր են գնահատվել երկկողմ հարաբերություններն ու բարձր մակարդակի փոխգործակցությունը:
Հիշեցնենք, որ Հունգարիայի և Հայաստանի հարաբերությունները, որոնք 2004 թվականի փետրվարից խզվել էին, վերականգնվեցին հեղափոխական իշխանությունների օրոք՝ 2023 թվականի մայիսին։ Իսկ ինչո՞ւ էին սրվել. 2004-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովը դաժանորեն կացնահարեց 26-ամյա հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որը քնած էր: Սպանությունը կատարվել էր Բուդապեշտում. Մարգարյանը և Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացների էին մասնակցում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում: Դեպքից հետո Հունգարիան արտահանձնեց հանցագործին Ադրբեջան, որտեղ նա հերոսի կոչում ստացավ:
Այս հայտնի դեպքերից հետո Հայաստանում չկար նույնիսկ Հունգարիայի դեսպանատուն, իսկ նոր իշխանության օրոք այն վերաբացվեց, և սկսվեց քաղաքական ջերմ հարաբերությունների մի նոր էտապ։ Ներկայիս իշխանությունը կարծես մոռացել է, թե ինչու Հայաստանը այն ժամանակ հրաժարվեց այդ հարաբերություններից, իսկ այժմ Եվրոպային քծնելու համար պղծվում են բոլոր հիշողությունները»։