08/02/2024 20:17
Պապիկյանը հյուսիսարևելյան սահմանագոտում էր․ սպաներին հանձնարարականներ է տվել
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․
«Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասերում։
Նախարար Պապիկյանը զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի ուղեկցությամբ շրջել է զորամասերում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը, հանդիպել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։
Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև զորամասերի սպաներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ»։