08/02/2024 19:52
«Ինձ պետք չէ՝ ով ինչ կճանաչի»․ Խաչատուր Սուքիասյանը՝ Հայոց ցեղասպանության մասին
Գործարար, ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը այսօր լրագրողների հետ զրույցում Հայոց ցեղասպանությանն է անդրադարձել․ կարծիք է հայտնել, որ դրանում մեր մեղքն էլ կա։
«Աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են էդ աստիճան կոտորել։ Էդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպենք, մեզ պահենք։ Ու դա խայտառակություն է, որ մի քանի ժողովուրդներ կան, որ էս աստիճանի ցեղասպանության են ենթարկվել վերջին 100 կամ 200 տարվա ընթացքում»,- ասել է Սուքիասյանը։
Սա, նրա խոսքով, պետք է մեզ համար դաս լինի։
«Բայց ոչ թե դաս լինի, որ մենք լացենք, այլ պետք է դաս լինի, որ մենք ուժեղանանք։ Որ ապագայում ոչ մի անգամ մեր սերունդները նման իրավիճակում չհայտնվեն։ Բայց մենք ուրիշ տեղից ենք գալիս»,- ասել է նա։
Խաչատուր Սուքիասյանը նշել է նաև՝ իր համար կարևոր չէ՝ ով կամ որ երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․
«Ինձ պետք չէ՝ ով ինչ կճանաչի։ Ինձ պետք է՝ ես ուժեղ լինեմ։ Ով ինչ կճանաչի, էդ ճանաչելը քաղաքական առևտուր է»։