08/02/2024 10:44
Հայաստանի թիվ 1 հերոսն աշխատող և հարկ վճարող քաղաքացին է. ՀՀ վարչապետ
2023 թվականին պետական բյուջե են վճարվել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր, ինչը 2017 թվականի համեմատ ավել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2.6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է:
«Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում եւ գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը:
Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները:
Նրա վճարած հարկերի շնորհիվ են պահպանվում եւ վերականգնվում պատմամշակութային հուշարձանները:
Նրա վճարած հարկերի շնորհիվ է ձեռք բերվում սպառազինություն եւ տեխնիկա, ինժեներական աշխատանքներ կատարվում սահմանին:
Նրա վճարած հարկերի շնորհիվ է սնվում, հագնվում զինվորը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են թոշակ ստանում թոշակառուները, նպաստ ստանում նպաստառուները, առողջապահական ծառայություններ ստանում հարյուր հազարավոր մարդիկ, ում ստացած ծառայությունների դիմաց վճարում է պետական բյուջեն եւ այս վճարումների շնորհիվ են աշխատում առողջապահական հիմնարկները՝ բժշկական կենտրոնները, պոլիկլինիկաները եւ ամբուլատորիաները:
Ես խոնարհվում եմ աշխատող եւ հարկ վճարող քաղաքացու առաջ: Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը՝ չեն նկատում: Կառավարությունը նկատում է: Ինքս նկատում եմ»,- նշված է վարչապետի գրառման մեջ: