08/02/2024 11:43
Պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են։
«Վերջերս իրավապահների հայտնաբերած խախտումները վերաբերում են ընդամնեը 234 միլիոն դրամի, որը ընդհանուր ծավալի 0.2 տոկոսն է, ընդ որում՝ այն չարաշահումները, որի մասին խոսք է գնում, ոչ թե գողության մասին է, այլ՝ շահառուների կողմից խարդախության։ Խարդախություն անելու համար, մեր կարծիքով, եթե պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ պարալիզացրել ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը»,- կառավարության նիստում ասաց նա։
Ըստ նախարարի՝ հիմա գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ ինչպե՞ս շարունակեն աշխատել, որ վստահ լինեն՝ ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։
«Դրա համար մենք պետք է հասկանանք՝ թո՞ւյլ ենք տալիս, որ մարդիկ երբեմն սխալներ թույլ տան, չնայած, այս պարագայում ես վստահ եմ, որ սխալներ առանձնապես չկան»,- ասաց Քերոբյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պլանավորված չարաշահումը, յուրացումը, կաշառքը լրիվ այլ բան է։
«Նախ՝ մեր ընթացակարգերը այնքան բարդ ու խճճված են, որ երբեմն սատանան էլ գլուխ չի հանի, թե ինչը ոնց է աշխատում, բայց սկզբունքը հետևյալն է՝ բյուջեից փող տարվե՞լ է, թե՞ չէ»,- ասաց նա։