09/02/2024 11:02
Քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը Բանգլադեշի Ժողովրդավարական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԲԺՀ Առևտրի նախարարի տեղակալ Տապան Կանտի Գոշի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնեսության, արդյունաբերության, տեքստիլի, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկ և այլ ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերի։
Նարեկ Տերյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելուն։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել գործարար պատվիրակությունների փոխայցելություններ։